Երևանում ապրիլի 23-ին տեղի ունեցած ցույցերին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցության հարցը փակված է։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ ավարտվել է ծառայողական քննությունը, համապատասխան որոշումներ են կայացվել անձնակազմի վերաբերյալ, և այդ հարցը դուրս է եկել օրակարգից: Փոխանցում է Պանորամա-ն։

Ըստ նախարարի՝ որոշ անձանց նկատմամբ որոշակի կարգապահական որոշումներ են կայացվել, քանի որ կարգապահական խախտում է եղել:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել էր ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը: ՊՆ-ի տարածած հայտարարությունում նշված էր, որ այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում»:

«Նշված զինծառայողների գործողությունները ոչ միայն դիտարկվում են որպես զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված զորամասում գտնվելու կարգի խախտում և զորամասն ինքնակամ թողնելու միջոցով իրենց պարտականությունների կատարումից հրաժարում, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան հաղորդում է տրվել իրավասու իրավապահ կառույցներին, այլև կոպտորեն խախտում են Զինված ուժերի քաղաքական գործընթացներից դուրս լինելու ժողովրդավարության առանցքային սկզբունքը: Սա պետք է մտահոգի նաև միջոցառման կազմակերպիչներին», - ասված էր հայտարարության մեջ։