Վրաստանի կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կթույլատրվի մարիխուանայի արտադրությունն արտահանման նպատակով՝ դեղագործական և դիմահարդարման նյութերի համար:

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները ներկայացրել են պատգամավորներին օրինագծի աշխատանքային տարբերակը: Ըստ նախագծի, մարիխուանայի արտադրությունը կհայտարարվի լիցենզավորված գործունեություն, գրում է «Ինտերպրեսնյուսը»:

Քննարկման տարբերակ է հանդիսանում այն տարբերակը, որով միջազգային մրցույթ կհայտարարվի: Ենթադրվում է, որ պայմաններում նշվելու են արտադրության համար նախատեսվող աշխարհագրական արեալը, արտադրվող քանակը և այլն:

Նիստում սուր բանավեճ է ծավալվել հարցի շուրջ: Գաղափարին կողմ է նաև «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Փաթեթի շրջանակում նախատեսվում են սահմանափակումներ մարիխուանայի սպառման հարցում: Մասնավորապես, կառավարությունը մտադիր է արգելել մարիխուանայի օգտագործումը դպրոցներում, հանրային հաստատություններում և ընդհանրապես հանրային վայրերում: Արգելքը կտարածվի նաև որոշ մասնագիտական խմբերի վրա: Ենթադրվում է, որ օրինագիծը մոտ ապագայում կքննարկվի կառավարության նիստում: