Ապօրինի ծառահատումների համար նախատեսված պատժաչափը նախատեսվում է խստացնել՝ երկամսյա կալանքը փոխարինելով առավելագույնը երկու տարվա ազատազրկմամբ: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 14-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, ՀՀ կարևորագույն խնդիրներից է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, և որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար, որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, որը անհամեմատ փոքր պատժաչափ է նման հանցագործությունների համար:

Նշվում է, որ նման հանցագործությունների դեպքում գրեթե 100 տոկոսով, որպես պատիժ կիրառվում է տուգանքը, կամ կալանքը, որի արդյունքում հանցագործություն կատարած անձինք ազատվում են ավելի խիստ պատժի ենթարկվելուց եւ նման հանգամանքը չի կարող իր ազդեցությունը չունենալ նշված հանցագործության դեմ պայաքարում: