Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված ամեն հեկտարի հաշվով անհատույց տրամադրել 60 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական էջից։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ սոցիալական աջակցությունը կտրամադրվի սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար որպես պետական աջակցություն։

Նախարարը նշեց, որ շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար: Ծրագրի համար կպահանջվի շուրջ 182 մլն դրամ, որից սուբսիդիան՝ 180 մլն դրամ։

Նշված գումարի հաշվարկներում հիմք է ընդունվել հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները: Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար:

Պետական աջակցությունը անհատույց կտրամադրվի գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Պետական աջակցության օբյեկտ չեն համարվի տնամերձ հողատարածքները:

Նախագծի հիմնավորման համաձայն, 2017թ-ի հողային հաշվեկշռի՝ հանրապետության 446 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34.0 %-ը կամ 151.4 հազ. հեկտարը:

«Հայաստանի Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 %-ը ներկրվում է: Արտադրության ցածր ցուցանիշներն հիմնականում պայմանավորված են աշխարհագրական դիրքի, անբարենպաստ պայմանների, հողերի մասնատվածության, ոռոգման և այլ խնդիրների հետ:

Վերոգրյալ որոշման համաձայն ընտրված համայնքները գտնվում են Ադրբեջանի սահմանային գոտում և տվյալ համայնքներում հողի մշակության համար պահանջվում է բարձր ռիսկայնություն, ինչպես նաև վերջին տարիներին նկատվում է աշնանացան ցանքատարածությունների անկում՝ 2016թ-ին ըստ օպերատիվ տվյալների այն կազմել է շուրջ 3752 հա, իսկ 2017թ-ին՝ 2099 հա:

Նշված համայնքներում ըստ վերլուծությունների՝ վերջին 3 տարիներին (2018թ կանխատեսվող) աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմելու են շուրջ 2600 հա: Հաշվի առնելով հողօգտագործողների շահագրգռվածությունը ծրագրում ընդգրկվելու համար նշված համայնքներում կանխատեսվում է շուրջ 15% աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների աճ, ինչի արդյունքում էլ կստացվի հացահատիկի առնվազն 1000 տոննա լրացուցիչ բերք։ Հաշվի առնելով թիրախային տարածաշրջաններում հողակտորների միջին մեծությունը, շահառու տնային տնտեսությունների և իրավաբանական անձանց թիվը կլինի շուրջ 4000», - նշված է հիմնավորման մեջ։