Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 12,5 մլն դրամ գումար:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016թթ-ին ինստիտուտում անգլերենի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային գործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է մոտ 3,5 մլն դրամ աշխատավարձ։

Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է մոտ 900,000 դրամ։

Պարզվել է նաև, որ 2016թ-ի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքնվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է մոտ 8,15 մլն դրամ։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։