Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները:

Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջևանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է 700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն: Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում՝ առանց ուշացման: Պատասխանատուները վստահեցրել են, որ Տավուշի մարզում պատրաստ են մինչև 1000 տոննա մթերում իրականացնել, հանրապետությունում՝ մինչև 5000 տոննա։

«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն արտադրում է նաև պահածոներ, որոնք իրացվում են թե տեղական շուկայում, թե արտահանվում են:

Այնուհետև նախարարը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժական տեսչության մարզային պատասխանատուներ։

Արթուր Խաչատրյանը մասնավորապես անդրադարձ է կատարել կառավարության նախորդ նիստում ընդունված որոշմանը' սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ Տավուշի մարզից ցանկում ընդգրկված է 27 համայնք, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության կամ համայնքային հողերիվարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 000 ՀՀ դրամ կտրամադրվի մինչև 7 հեկտար աշնանացանի համար։

Խորհրդակցությունից հետո Արթուր Խաչատրյանն ուղևորվել է սահմանամերձ Ոսկեպար բնակավայրը, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ հողագործությունը շահավետ չէ՝ բերքատվությունը ցածր է, հողատարածքները հակառակորդի թիրախում են։ Պետական օժանդակության ծրագրերից իրազեկված են, սակայն գրավի առարկա ունենալու պահանջը շատերը չեն կարողանում ապահովել, ունեն նաև կաթի մթերման, տոհմային կենդանիների ցեղի բարելավման և այլ խնդիրներ։

Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախարարությունը տեղյակ է խնդրի մասին և առաջիկայում նախատեսում է իրագործել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր՝ 500 հազարից 3 մլն դրամ գումարի սահմանում:

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ գյուղացիները գոհ են մթերման գործընթացից, սակայն երբեմն որոշակի մտահոգություն են հայտնում բուժանյութերի որակի վերաբերյալ:

«Ընդհանուր առմամբ, խաղողի բերքը Բերդի տարածաշրջանում անցած տարի մոտ 3500 տոննա է եղել, այստարի 5000-ից ավելի ենք սպասում: Մթերմանն գինն էլ, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է», - հավելել է մարզպետը, փոխանցում է hetq.am-ը։

Նախարար Խաչատրյանն այցելել է նաև սահմանամերձ մեկ այլ բնակավայր՝ Բաղանիս: Բաղանիսցիները նշել են, որ որևէ խնդիր չունեն:

Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս տարի մեկ հեկտարից ստացել են մոտ 3 տոննա ցորեն, ինչը, նախորդ տարվա համեմատ, բարձր ցուցանիշ է: Բաղանիսում ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասինկառավարության որոշումից և նախատեսել են ավելացնել ցանքատարածությունները:

Հաջորդ օրը Արթուր Խաչատրյանը այցելել է Բերդավանի գինու գործարան, որտեղ ևս սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Ապա ուղևորվել է Բագրատաշեն համայնք, որտեղ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հիմնվել են 3 տեսակի ընկուզենիների ինտենսիվ այգիներ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականի վերջին՝ հիմնելով, ընդհանուր առմամբ, 350 հա այգի: