«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը:

Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այդ ընկերությունը 1.3 կմ հատվածում բազալտե եզրաքարեր է տեղադրել, այդ եզրաքարերը չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին:

«Անմիջապես դադարեցնել եմ տվել շինարարական աշխատանքները: Մինչդեռ նախորդ խմբի անդամների կողմից երկու բազալտե եզրաքար դնելու դեպքում պետք է դա դադարեցվեր: Ոչ թե 1.3 կմ շարվեր և մենք դադարեցնեինք», - ասել է նա:

Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար»: