«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը: Կազմակերպությունում ընդգծել են, որ իրավապահների գործողությունները խախտում են լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:

«Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելն ու սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», - շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն և Ոստիկանության 6-րդ վարչությունը համատեղ խուզարկություններ են կատարել Yerevan today կայքի խմբագրությունում։ Բռնագրավվել են մեկ պրոցեսոր և մի քանի կոշտ սկավառակներ: Իրավապահները փորձել են գտնել ապացույցներ, որ կայքն առաջինն է հրապարակել հայտնի գաղտնալսումները։

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումների հետ կապված հարուցված է երկու քրեական գործ։

Սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի անօրինական գաղտնալսումները։