ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ անհատ տաքսիստները կարող են ամբողջությամբ ազատվել հարկային պարտավորություններից: Փաշինյանն ասել է, որ այժմ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունը:

«Տաքսու անհատ վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունը իրականացնել ավելի ազատ պայմաններում», - նշել է Փաշինյանը` հավելելով, որ դա նաև կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը:

Ըստ վարչապետի, հատկապես երեկոյան և առավոտյան ժամերին, երբ կանգառներում մարդիկ են հավաքված, տաքսիների վարորդները հնարավորություն կունենան այդ ուղևորներին տեղափոխել մատչելի գներով:

Փաշինյանը նաև կարևորել է ուղևորների և երթևեկության անվտանգությունը, որը գործադիրը կփորձի լուծել տաքսիների տեխնիկական սպասարկման միջոցով:

«Դուք գիտեք, որ Հայաստանում տեխսպասարկում տեղի չի ունենում, և դա ֆիկտիվ բնույթ է կրում: Մենք ամեն ինչ կանենք, որ մեքենաների տեխսպասարկումը ունենա շատ հստակ անվտանգության խթանման արդյունք»,- ասել է Փաշինյանը: