Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելել է Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80,000 դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ:

Այս դպրոցներն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015թ. դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ էր ունեցել անձամբ տեսնել, թե ինչպես է իրականացվում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հիմնական դպրոցի երեխաների դպրոցական սննդի ապահովման ծրագիրը:

«Այս դպրոցներ մոտ երեք տարի առաջ կատարած իմ այցից հետո ուրախ եմ կրկին այստեղ լինել և ուրախ եմ, որ կարողացա կատարել դեռևս այն ժամանակ տված իմ խոստումը: Այժմ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հետ աշխաատանքում դուք արդեն ունեք անհրաժեշտ գույք ու սարքավորումներ, որպեսզի ձեր համայնքների մոտ 300 դպրոցական ապահովվի տաք կերակրով և ունենան ուսման համար անհրաժեշտ միջոցներ», - ասել է դեսպան Միլսը՝ խոսքն ուղղելով համայնքների բնակիչներին, դպրոցների անձնակազմին և աշակերտներին, փոխանցում է PanArmenian-ը:

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագիրն Ամբերդ և Ծիածան համայնքներում նպատակ ունի աջակցել դպրոցներին՝ ապահովելով նոր գույք և սարքավորումներ, ինչպես նաև փոխլրացնել այլ կազմակերպությունների, այս պարագայում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը: