Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է թե Հայաստանում իշխանության եկած նոր անձինք «չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, հանդես են գալիս հիմար հայտարարություններով, որոնք նպաստում են լարվածության աճին շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին»: Այդ մասին նա հայտարարել է Բիլյասուվարի շրջանի հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է Ազերթաջը:

Նա հայտարարել է նաև, թե հայկական բանակը չի կարող մրցել Ադրբեջանի ԶՈւ հետ, իսկ Հայաստանը «ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել»: Նա նշել է թե «ադրբեջանական բանակն արժանի հակահարված է տալու, ինչպես դա եղավ 2016թ-ի ապրիլին»:

«Մի քանի օր առաջ հայերի զինված սադրանքի հետևանքով բախում եղավ հայ-ադրբեջանական սահմանին, մեր զինվորները նրանց դաս տվեցին, մոտ ժամանակներս նրանք հազիվ թե ուշքի գան», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ բանակի համար խոշոր գումարներ են հատկացվելու, ինչն էլ ավելի կհզորացնի նրա մարտունակությունը:

«Բանակաշինություն, տնտեսական ներուժի ամրապնդում, միջազգային դիրքերի ամրապնդում՝ բոլոր այդ ուղղություններով Ադրբեջանը հաջող քաղաքականություն է վարում», - ասել է Ալիևը: