Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները դասադուլ են անում: Նրանք պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի և բուհի վարչական կազմի հրաժարականը։

Նշենք, որ Ոստիկանությունը կոռուպցիայի և տնտեսական ապօրինությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտումներ է կատարել ինստիտուտում։ Նախնական քննությամբ պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։

Բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Իսրայելյանը հայտնեց, որ ինքը միացել է ուսանողներին՝ սատարելու նրանց, քանի որ բուհում խնդիրները շատ են, ուսանողներն էլ ուզում են իրենց վճարած ուսման վարձին համարժեք պատշաճ կրթություն ստանալ:

«Տարեկան վճարելով 600 հազար դրամ ուսման վարձ, բնականաբար, նրանք պետք է պահանջատեր լինեն: Կապված ոստիկանության բացահայտումների հետ՝ ուսանողներն ավելի են վրդովվել: Նրանք պահանջում են և գումարների վերադարձ, և ղեկավար կազմի հրաժարական», - ասաց նա: Փոխանցում է Պանորաման։

Ուսանողներից մեկն էլ բացատրեց, որ դասադուլի պատճառը միայն ոստիկանության բացահայտումը չէր: Ըստ նրա՝ նախորդ ուսումնական տարվա վերջից արդեն շատ բողոքներ ունեին։

«Մի քանի հանդիպում ունեցել ենք ռեկտորի և վարչական կազմի հետ, բացահայտված նոր փաստերի հետ իրավիճակն ավելի բորբոքվեց։ Ուսանողների համբերության բաժակը լցվել է: Մեր ամենագլխավոր պահանջը վարչական կազմի հրաժարականն է, քանի որ մենք ունենք հստակ փաստեր: Ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը միայն իր անտեղյակության պատճառով պետք է հրաժարվի իր պաշտոնից, քանի որ իր կողքի կաբինետում նստած մարդը կարողացել է գումար լվանալ ինստիտուտի շնորհիվ», - հավելեց ուսանողը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։ Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900,000 դրամ։

Պարզվել է նաև, որ 2016թ-ի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքնվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8,150,000 դրամ։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։