Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն առաջարկում է օրենքով ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Այդ նպատակով նա Ազգային ժողով կներկայացնի օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Այդ մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Տեղեկացնում եմ, որ եկող շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պաշտոնական փաստաթղթաշրջանառության եմ դնելու ՀՀ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը», - ասվում է գրառման մեջ:

Նախագծերով նախատեսվում է.

1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունը: Գործող օրենքով ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի անվտանգությունը:

2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը: