ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, ՀՀ-ում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017թ-ի ծրագրի շրջանակներում` ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612.779.084 դրամ` 1.710 տոննա առաջին վերարտադրության սերմացուներ ձեռք բերելու նպատակով:

Նույն որոշման համաձայն` ՀՀ մարզերի համար նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների հետագա պահպանության և դրանց իրացման աշխատանքների պատասխանատվությունը ևս վերապահվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին՝ 2018թ-ի գարնանը հողօգտագործողներին հատկացնելու նպատակով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարվել կամ ոչ պատշաճ է կատարվել վերը նշված ծրագրով ձեռք բերված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների հետագա պահպանությունը: Մասնավորապես, ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված, սակայն 2017-2018թթ-ին չիրացված սերմացուների խմբաքանակը՝ ընդհանուր շուրջ 736 տոննա, պահեստավորվել է վարձակալված, ոչ մասնագիտացված պահեստներում, որոնք հարմարեցված չեն եղել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի երկարատև պահպանության համար, չեն ունեցել խոնավության, ջերմության կարգավորման հնարավորություն, ապահովված չեն եղել շրջակա միջավայրի հետ հնարավոր շփումներից: Դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված ընդհանուր շուրջ 66.782.900 դրամի 229 տոննա սերմացուների խմբաքանակները կորցրել են ցանքային որակը, վարակվել են ամբարային վնասատուով և դարձել հետագա օգտագործման համար ոչ պիտանի:

Բացի այդ, պահեստներում կատարված գույքագրման արդյունքներով արձանագրվել է ընդհանուր առմամբ շուրջ 15.656.000 դրամի` 30,4 տոննա գարու, ցորենի և առվույտի սերմացուների պակասորդներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: