Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում: Ցուցադրությանը ներկայացված են թվով 140 նմուշներ։

Հիշեցնենք, որ ցուցահանդեսի բանակցությունները մի քանի տարի շարունակ վարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կայացել է երեկ, այն գործելու է մինչև 2019թ-ի հունվարի 13-ը։

Ցուցահանդես այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018թ․ խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային կապերը:

Նա հիշեցրել է, որ այս տարի ավելի վաղ հայկական մշակույթը՝ սովորույթներն ու ավանդույթները, ցուցադրվել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ մայրաքաղաքի սրտում, ազգային Մոլում, Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի շրջանակում: