Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել վերանորոգված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Այն կրելու է արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի անունը:

Ստեղծագործական կենտրոնի հիմնանորոգման նախաձեռնողը և իրականացնողը Լոս Անջելեսի «Հայրենիք» միությունն է՝ ի դեմս ընկերության գործադիր մարմնի ատենապետ Հակոբ Ալեքսանյանի: Աշխատանքներին աջակցել է նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը կենտրոնին է նվիրել Սարգիս Հացպանյանի դիմանկարը, իսկ «Ֆիդայիներ» կազմակերպության խորհրդի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար Սարգիս Հացպանյանին շնորհվել է «Ֆիդայի» մեդալ, որը միջոցառման ժամանակ հանձնվել է նրա որդուն: