Հայաստանը TESLA-ի հետ քննարկում է կուտակիչ կայաններ կառուցելու ծրագիրը։ Այդ մասին հայտնել է Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Մանուկյանը։

Խոսելով ներդրողների ակումբի ծրագրերի մասին՝ նախարարը նշել է. «Առաջինը, որի մասին բազմիցս ասել ենք, Շնող ՀԷԿ-ի ծրագիրն է, որը նախնական գնահատականներով՝ կկազմի 150-200 մլն դոլար, դա խորհրդային ժամանակներից ի վեր չկառուցվող հէկ էր, որի նախագիծըը սկսվել է դեռ խորհրդային ժամանակներում, բայց խորհրդային պետությունը չկարողացավ նույնիսկ ավարտել կամ նույնիսկ սկսել շինարարությունը:

Երկրորդ, արդեն սկսել ենք նախահաշվարկային աշխատանքները կոշտ թափոնների վերամշակումից էլեկտրաէներգիայի ստացման կայանի կառուցման համար: Ծրագիրը դեռ նախագծային, նախահաշվարկային փուլում է, բայց նախնական գնահատումներով՝ կկազմի 60-80 մլն դոլար, ընդ որում՝ սա կլինի Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում պիլոտային ծրագիր: Այն հետո կտարածվի մնացած բոլոր մարզերում»:

Ըստ Մանուկյանի, ներդրողների ակումբի ծրագրերից շատ կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանում առաջին արդյունաբերական նշանակության արևային կայանի կառուցումը: Իր տեսակի մեջ լինելով եզակի՝ այն խթան հանդիսացավ, և դրանից 6 ամիս անց Հայաստանում հայտնվում են նոր արևային կայաններ:

«Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, այդ տիպի կայանների կողմից արտադրվող էներգիայի ծավալների մեծացմանը զուգահեռ՝ ի հայտ է գալիս այդ էլեկտրաէներգիան կուտակելու անհրաժեշտություն։ Հակառակ դեպքում մենք պետք է արտադրենք ու կորցնենք, քանի որ հնարավորություն չունենք այդ պահին սպառելու: Եվ հենց դրա հետ է կապված ներդրողների ակումբի հաջորդ ծրագիրը, որն այս պահին քննարկվում է TESLA-ի հետ, զուգահեռ՝ նաև այլ արտադրանքի հետ. փորձում ենք նաեև կառուցել կուտակիչ կայաններ: Առաջին պիլոտայինը կլինի Դդմաշենում` մինչև 15 մեգավատտ հզորությամբ կուտակիչ կայանի կառուցում: Սրա նախնական արժեքը 15-17 մլն դոլար է: Այս 4 ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, նախագծային, նախահաշվարկային փաստաթղթերի մշակման փուլում են»,- ասել է նախարարը։

Հարցին, իսկ այս կուտակիչների ծրագիրը չի՞ հակասում «Գազպրոմի» շահերին, վարչապետը պատասխանել է. «Ոչ, շուկա է: Ամեն մեկը պետք է փորձի շուկային արձագանքել: «Գազավիկները» պետք է մտածեն՝ ոնց են իրենց վաղվա օրը կառուցելու»: