«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է հարցաքննվի նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին:

Օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի պատասխան՝ ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը պատասխանեց.

«Դատական օրենսգրքի 52, 53 հոդվածների համաձայն՝ դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկվել է»:

Հիշեցնենք, որ դատավոր Մար­գարյանի անունը ևս շոշափվում էր ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդու­թյունը:

Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբևէ չի զանգել ԱԱԾ պետին ու դա ասում է ամենայն պատասխանատվությամբ: Նույնը, մեր տեղեկություններով նա ասել է նաև մերձավոր շրջապատում, և հավանաբար, նրա ցուցմունքները կլինեն հենց այս բովանդակության»: