«Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ընկերությունը Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնքում «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագիր է իրականացնում։ Տնօրեն Գագիկ Խաչիկյանը Արաքս այցելած տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է, որ նախքան ծրագրի մեկնարկը իրականացվել է բնակլիմայական պայմանների և հողատարածքների ուսումնասիրություն։

Դրական եզրակացությունների արդյունքում բաձրորակ սերմացուի և անհրաժեշտ տեխնիկայի ներկրումից հետո գարնանը մեկնարկել են բամբակի դաշտերի վար ու ցանքի աշխատանքները։ Հոկտեմբեր ամսին նախատեսվում է շուրջ 128 հա հողատարածքից բամբակի բերքահավաք, որին էլ կհաջորդի վերամշակման փուլը։

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագրի հեղինակը նշել է, որ բամբակի վերամշակումն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում իր սեփականությունը հանդիսացող բամբակամանվածքային ֆաբրիկայում, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում կառուցվող համապատասխան գործարանում։