Հինգշաբթի օրը Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ հավանություն տվեց կենսաթոշակային բարեփոխումների օրինագծին, որով թոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացվում է հինգ տարով:

Ըստ այդմ, տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 65 տարեկանում՝ ներկայիս 60-ի փոխարեն, կանայք՝ 60-ում, ներկայիս 55-ի փոխարեն:

Ռուսաստանում անցկացված մի շարք հարցումների արդյունքներով՝ երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է Դմիտրի Մեդվեդևի կառավարության նախաձեռնած այդ փոփոխություններին: Օրենսդրական նախաձեռնությունը հանգեցրել է ռուսաստանյան տասնյակ քաղաքներում բողոքի ցույցերի։

Պետդումայից հետո օրենքը պետք է հավանության արժանանա Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: