Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե, մասնավորապես՝ «Հայրենիք-Սփյուռք», «Լուսանշան» ՊՈԱԿ-ներից, Բարձրավոլտ էլեկտրացանցերից:

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ վարչապետին կներկայացվեն Ագրարային համալսարանի և Էջմիածնի քաղաքապետարանում արված ստուգումների արդյունքները, հայտնում է Panorama.am-ը:

Դավիթ Սանասարյանը տեղեկացրել է, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամ վերադարձվել է պետբյուջե.

«Կա ժամանակացույց, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի»:

Խոսելով պետությանը պատճառած վնասն ինքնակամ փոխհատուցելու դեպքերի մասին՝ Դավիթ Սանասարյանը նշել է, որ իր ասուլիսից հետո գյուղապետերից մեկը պատրաստակամություն է հայտնել 17 մլն դրամ վերադարձնել:

«Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել»,- հերքել է Դավիթ Սանասարյանը լուրերը, թե՝ ինքը և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջիկայում հրաժարական են տալու։ Նրա խոսքով՝ հրաժարականի որևէ հիմք չի տեսնում: