2018թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով վերականգնված նյութական վնասը մոտ 13 անգամ գերազանցում է 2017թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով թիկունքային, սպառազինության, ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 168 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 264 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է 62 մլն դրամը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատճառված վնասի չափը եղել է 82 մլն դրամ, որից վերականգնվել է 29 մլն դրամը։

2018թ-ի առաջին կիսամյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 66 նյութ, հարուցվել է 28 քրեական գործ։

Նշված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 176 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53.9 մլն դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 3.8 մլն դրամը, իսկ մնացած 173 մլն դրամ վնասի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Հարուցված 28 քրեական գործերից 1 քրեական գործի վարույթը կարճվել է 1-ը կասեցվել։ Մյուս 26 քրեական գործերով իրականցվող նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, մեկը՝ զորամասի կենտրոնի պետ և մեկը՝ զորամասի իրային պահեստի պետ։

Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 3 հայցադիմում, որոնցով հայացապահանջի ընդհանուր գումարը կազմել է 8.7 մլն դրամ։

2018թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտված ուսումնասիրություններից բացի, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև ինժեներական, կապի, և այլ ծառայությունների գծով, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից ընդահանուր առմանբ իրականացվել է դատավարական ղեկավարում 155 կոռուպցիոն բնույթի քրեական գործի քննության նկատմամբ, որոնցից 71 քրեական գործ հարուցվել է 2018թ-ի առաջին կիսամյակում: 2017թ առաջին կիսամյակի ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերը եղել են 56-ը, կամ 27 տոկոսով քիչ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Եթե 2017թ. առաջին կիսամյակում քննված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 54 անձի, ապա այս տարվա նույն ընթացքում՝ 96 անձի (78%-ով ավելի)։ Նախաքննությունն ավարտված 20 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

2018թ. առաջին կիսամյակի ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառվել է 409.9 մլն դրամի նյութական վնաս, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 406.3 մլն դրամը:

2017թ. նույն ժամանակահատվածում վարույթում քննված՝ ԶՈՒ-երում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 69.5 մլն դրամ, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 29.4 մլն դրամը, կամ 13 անգամ ավելի քիչ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքից: