Մոսկվայի Բասմաննի դատարանը նախօրեին փոխել է հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը, որը գործելու է մինչև 2018 թ. դեկտեմբերի 28-ը։ Քույրերն ազատ են արձակվել դատարանի դահլիճից։

Դատարանի որոշմամբ, քույրերն ապրելու են առանձին՝ վարձակալած երկու բնակարանում և քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող բնակարաններից մեկում։ Նրանց արգելված է լքել բնակության վայրը գիշերային ժամերին (21։00-07։00), որևէ մեկի հետ շփվել, բացի քննիչներից և հարազատներից, օգտվել ինտերնետից, բբջային կապից, ինչպես նաև քույրերը չեն կարող շփվել իրար հետ։

Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերն օգոստոսի 2-ից կալանավորված են։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել, նրան տեղափոխել էին Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք։