Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երևանում է Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի պատվիրակությունը՝ ռեկտոր Միկոլա Օնիշչուկի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Գիտահետազոտական աշխատանքի գծով պրոռեկտոր Նատալյա Շուկլինան, Դատավորների հոգեբանական պատրաստվածության գիտամեթոդական ուսուցման բաժնի ղեկավար Հաննա Սավչենկոն, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Տետիանա Պուստովոյտովան, Թեստոլոգիական կենտրոնի տնօրենի տեղակալ Միխայիլ Ցուրկանը:

Այցի օրակարգը բավական հագեցած է, նպատակն է ծանոթանալ Հայաստանի դատական համակարգին, հանդիպել դատական համակարգի ներկայացուցիչներին, ծանոթանալ Արդարադատության ակադեմիայի գործունեությանը, քննարկել համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ուրվագծել համագործակցության հեռանկարները: Այցի շրջանակում հոկտեմբերի 1-ին Ակադեմիայում ռեկտորներ Սերգեյ Առաքելյանը և Միկոլա Օնիշչուկը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիրը:

Միկոլա Օնիշչուկն հայտնեց․

«Այսօր աշխարհը դինամիկ զարգանում է, և տեղեկատվության փոխանակումը, նոր փորձի ձեռքբերումը և դրա օգտագործումը չափազանց կարևոր է: Կարծում եմ՝ փորձով կիսվելը երկկողմանի օգտակար կլինի»:

Հյուրերը ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո ռեկտոր Ս. Առաքելյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և հանդիպեցին խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին: Գագիկ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը, հայաստանյան դատական համակարգի առանձնահատկությունները, դատավորների նշանակման ընթացակարգը: Մ. Օնիշչուկը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ մեծ հետաքրքրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հուսադրող միտումներ են տեսնում: Կողմերը քննարկեցին երկու երկրների դատաիրավական համակարգերի յուրահատկությունները, դատավորների թեկնածուների պատրաստմանն ու նշանակմանն առնչվող հարցեր: