Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքներն օտարվել են շուկայական արժեքից 10 անգամ պակաս գնով: Պարզվել է, որ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել: Հայտնում է ՊանԱրմենիան-ը։

«Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված ջանցքներ և օբյեկտներ, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին:

Օտարվել են Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները:

Որակավորում ունեցող անձանց կողմից 2018թ. սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման hաշվետվության համաձայն 22.695.305 դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված գնից:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: