ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանը երեկվանից ազատության մեջ է։ Նրա խափանման միջոցը կալանքը փոխվել է։ Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ երեկ դատարանը գրավի վերաբերյալ որոշում է կայացրել։ Սողոյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում գործը, Հ.Ալումյանն ասաց, որ դատավարությունը դեռ նախապատրաստական փուլում է։

Հիշեցնենք, որ Ա. Սողոյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը (պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն.

«Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Երևանի Կոմիտասի 49/4 շենքի 11-րդ հարկում հասցեով և Երևան քաղաքի Արմենակյան փողոցի 129 հասցեով գտնվող աշխատասենյակներում ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23*րդ հոդվածով սահմանված արգելքը` մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք»։