ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին, հայտնում է panarmenian.net-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, երկրից դուրս բերված ակտիվների վերադարձման հարցերով, անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձին, այդ ոլորտներում քրեական քաղաքականության շրջանակներում հնարավոր գործակցությանն առնչվող խնդիրներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում արձանագրված կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ արդյունքները՝ դրանում կարևորելով կոռուպցիոն բնույթի չարաշահումների վերաբերյալ իրենց հայտնի տղեկատվությունը տրամադրելու, հնարավոր հանցագործությունները բացահայտելու հարցում օժանդակելու հանրության աննախադեպ պատրաստակամությունը:

Ըստ Արթուր Դավթյանի՝ ապօրինի հարստացման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման, ազդարարների ինստիտուտի ներդրման ուղղությամբ Հայաստանում իրականացվել են ինստիտուտիցոնալ կարևորագույն բարեփոխումներ: Սակայն հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար իրավապահ մարմինների հիմնական մարտահրավերներից է դառնում պետությանը պատճառված վնասների լիարժեք բացահայտման, հատկապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները բանկային փոխանցումների տարատեսակ սխեմաների գործադրմամբ երկրից հանելու, օֆշորային գոտիներ տեղափոխելու, նախքան ապօրինի հարստացման օրենսդրության ընդունումը պաշտոնատար անձանց ձեռք բերած գույքի և ֆինանսական միջոցների ծագման հանգամանքների բացահայտման և վերադարձման արդյունավետ, որոշ դեպքերում նաև ոչ ստանդարտ մեխանիզմներ գտնելը:

Գլխավոր դատախազի խոսքով՝ սկզբունքային է, որպեսզի գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք այդ ճանապարհին թույլ կտան չոտնահարել մարդու հիմնարար իրավունքները, չխախտել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունները, իսկ դրանից բխող գործիքակազմի կիրառումը երբևէ իրավաչափության հետ կապված կասկածներ չի հարուցի:

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է նշված ուղղություններով գործադրված անցումային արդարադատության եղանակների միջազգային փորձի՝ առավել երկարաժամկետ կտրվածքով արդյունավետության ուսումնասիրությունը:

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» փորձագետները ներկայացրել են առանձին երկրների հաջողված օրինակներ՝ նշելով նաև հնարավոր ռիսկերի մասին: Նրանց կողմից պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված առաջնահերթությունների, բարձրացված խնդիրների շրջանակում ցուցաբերել փորձագիտական աջակցություն, ինչպես նաև տրամադրել համապարփակ տեղեկատվություն անցումային արդարադատության իրականացման միջազգային փորձի վերաբերյալ: Վերջինիս շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործող կառավարությունը մտադիր է անցումային արդարադատության համակարգ ներդնել: