Երեկ Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում և կան բերման ենթարկվածներ։

Խոսքը վերաբերում է լրատվամիջոցների տարածած մի տեսանյութի, ըստ որի, Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան) և Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) և նրանց թիկնապահները հայհոյանքներ են հնչեցնում ցուցարարների հասցեին։

Նշենք, որ այս միջադեպին այսօր Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խնդրանքով անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․

«Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխներին և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին։ Այ եթե պատշաճ ձևով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ, երեկվա միջադեպը չէր լինի։ Մեր ուժերը կարող են չբավարարել ապահովելու ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը»։

Վարչապետն ընդգծեց՝ նման պահվածք ցուցաբերողներն անպայման արժանի հակահարված կստանան օրենքի կողմից։