Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, քվեարկությամբ հավանություն է տվել կենսաթոշակների համակարգի փոփոխությունների օրինագծին, որը վերջերս ընդունվել է ստորին պալատ Պետական դումայում:

Օրինագիծը կուղարկվի Կրեմլ և ուժի մեջ կմտնի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրվելուց հետո:

«Ակնհայտ է, որ նախագահը չի հապաղի», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Բազում վեճերի և համառուսաստանյան բողոքների առիթ դարձած նախագծով ենթադրվում է կենսաթոշակի անցնելու տարիքն աստիճանաբար բարձրացնել և տղամարդկանց համար 60-ից հասցնել 65-ի, իսկ կանանց համար՝ 55-ից հասցնել 60-ի:

Նախկինում Վլադիմիր Պուտինը նշել է, որ դեմ է կենսաթոշակի տարիքային շեմը բարձրացնելու գաղափարին:

Ըստ վերլուծաբանների, կառավարությունը ստիպված է դիմել այդ քայլին՝ հաշվի առնելով կյանքի միջին տևողության, աշխատատեղերի և պետական բյուջեի եկամուտները ապահովելու հանգամանքները: