Բրիտանական գրադարանի Հարլիի «Bible moralisée» Աստվածաշունչի մի հատորը այժմ ցուցադրված է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Armenia» ցուցահանդեսում, որը բացվել է սեպտեմբերի 22-ին:

Այս մասին գրված է blogs.bl.uk բրիտանական կայքում:

Այս ցուցահանդեսն առաջինն է իր տեսակով, որն ուսումնասիրում է հայերի նշանավոր ներդրումը համաշխարհային արվեստում: Ցուցահանդեսի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ փորձ է արվում գտնել Կիլիկիայի հայկական թագավորության և Ֆրանսայի արքա Լյուդովիկոս 9-րդ Սուրբի թագավորելու ժամանակաշրջանի արվեստների միջև կապը:

Ֆլամանդացի ճանապարհորդ Վիլլեմ Ռուբրուքը որպես դիվանագիտական պատվիրակության ղեկավար Մոնղոլիա ուղեւորվելիս իր հետ պատկերազարդ ձեռագրեր է վերցրել` ներառյալ Լյուդովիկոս 9-րդի նվիրած Աստվածաշունչը և Պրավանսացի Մարգարիտ կոմսուհու տված սաղմոսագիրքը: Հավանաբար այդ ձեռագրերն են թողել իրենց ազդեցությունը Հայ անվանի նկարիչ Թորոս Ռոսլինի ոճի և ստեղծագործության վրա:

Հեղինակը պատմում է, որ Լյուդովիկոս 8-րդի, նրա հրաշալի կնոջ` Կաստիլիայի թագուհի Բլանկայի և նրանց որդի Լյուդովիկոս 9-րդի թագավորման շրջանում Փարիզը Եւրոպայի արվեստի կենտրոնն էր: Նրանց օրոք արվեստի ամենանշանավոր ստեղծագործությունների շարքում էին սրբացված պատկերազարդ Աստվածաշունչները, որոնք հայտնի էին «Bibles moralisées» անունով: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում էր հազարավոր նկարազարդ և ոսկեզօծ պատկերներ, որոնք, պրոֆեսոր Ջոն Լոուդենի խոսքով, ստեղծված էին անգերազանցելի շքեղության տպավորություն ստեղծելու համար:

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Armenia» ցուցահանդեսում Հարլիի ձեռագիրը տեսնել հնարավոր կլինի մինչև 2019թ-ի հունվարի 13-ը: