ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին օրակարգին անցնելուց առաջ նշեց, որ կարևոր որոշումներ պետք է կայացվեն:

«Օրակարգում է համաներում անցկացնելու մասին որոշման նախագիծը, որը մենք դռնփակ կքննարկենք», - ասաց նա և պարզաբանեց՝ Ազգային ժողովը դռնփակ է դա քննարկելու հանձնաժողովում, և տրամաբանական չի լինի, որ կառավարությունը այն դռնբաց քննարկի:

Նա նաև նշեց, որ առաջարկելու են Ազգային ժողովին արտահերթ նիստ գումարել, ինչպես նաև օրակարգում ներառված է, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երկու օրը լինի ոչ աշխատանքային:

Նշենք, որ ըստ օրակարգի Կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018թ-ի հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:

Ներկայացված նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: