Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Պարզվում է՝ հայցադիմումում եղել են բացթողումներ, հայտնում է Pastinfo-ն։

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանը 2018թ-ի սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա.Դավթյանին: Հայցադիմումը ներկայացվել է նրա ներկայացուցիչ Անի Ալավերդյանի անունից։

Հայցադիմումը դատավորին է հանձնվել 26.09.2018թ-ին, որին ծանոթանալով գտել է, որ այն պարունակում է թերի տեղեկություններ ինչպես Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի անձնագրային տվյալների, այնպես էլ Արթուր Վանեցյանի բնակության և հաշվառման վայրերի մասին։ Բացի այդ հստակ ներկայացված չէ պահանջը։

«Գտնում եմ, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` որ հայցադիմումը պետք է վերադարձնել` հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար»,- նշված է դատարանի որոշման մեջ:

Դատարանը միաժամանակ պարզաբանել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ըստ որի՝ հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից։

Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Սեպտեմբերի 11-ին, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ փաստերով են խոսելու: Նա հավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես, ունենք ցուցմունք, ունենք հիմնավորում, ունենք սխեմա, ինչպես է Քոչարյանի ընտանիքը սեփականատեր դառնում», - ասել է նա։

Քոչարյանն ի պատասխան հայտարարել էր, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15-ին, երբ 6-7 տարի էր՝ պաշտոն չուներ: