Իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերությունը ծրագրում է Հայաստանի Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կազմում գործող իրենց ճառագայթային բուժման կենտրոնը համալրել ամերիկյան «Վարիան (Varian, Inc.) ընկերության ևս մեկ նորագույն գծային արագացուցիչով, ինչն էապես կբարձրացնի կենտրոնի թողունակությունը և ծառայությունների որակը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում, ըստ նախարարության տարածած հաղորդագրության, այս նպատակադրման մասին խոսել են ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջաթփանահը և «Վարան Արմենիա» ընկերության տնօրեն, խորհրդի անդամ Մոհամմադ Շահրամին՝ շեշտելով իրենց պատրաստակամությունը՝ ուռուցքաբանության կենտրոնում իրենց ներդրած սարքավորումների ցանկը համալրել ու պացիենտների համար հնարավորին չափ մատչելի ու բարձրակարգ ծառայություններ ապահովել:

Մոհամմադ Հաջաթփանահն առաջարկել է անհրաժեշտության դեպքում նաև հայ և իրանցի բժիշկների միջև մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպել՝ ներդրվելիք ռադիոթերապևտիկ նոր սարքավորումներով աշխատանքները սահուն կազմակերպելու համար:

Նախարար Թորոսյանն ընդգծել է ուռուցքաբանության ոլորտի արդիականացման կարևորությունն ու փոխանցել, որ եկող տարի ոլորտին հատկացվող բյուջետային հատկացումները որոշակիորեն կաճեն: