Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մի քանի միլիոն դոլարի ներդրումներով Հայաստանում հիմնադրվում է նոր արտադրություն։

Ներդրումը կատարում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։ Առաջին փուլում ներդրվում է 500 000 դոլար:

Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Մասիս քաղաքում, կզբաղեցնի շուրջ 6000 քմ տարածք։ Ներդրումային ծրագրի առաջին փուլում ավելի քան 40 նոր աշխատատեղ կստեղծվի, երկրորդ փուլում գյուղացիական տնտեսությունները կներգրավվեն քունջութի աճեցման գործում։

«Գործարանի հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն առկա են»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Ներդրումային ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է հիմնել մեքենասարքավորումների գործարան, որը շուկային կմատակարարի հոսքագծեր, տարաներ, չժանգոտվող մետաղից հաստոցներ՝ սննդի, գինու, հանքային ջրերի և այլ արտադրություններում կիրառման համար։

«Նպատակ ունեմ, որ թոռնիկներս Հայաստան տեղափոխվեն ապրելու։ Երբ գործ սկսեմ, տեսնեն, որ այստեղ կարող են լավ կյանք ու ապրուստ գտնել, կգան»,- նշել է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերության հիմնադիր Զոհրաբ Ղալբուրջյանը։