Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 12-ին համերգով հանդես կգա Կրագերյո Կանտորի երկսեռ երգչախումբը:

Կրագերյո կանտորին Նորվեգիայի Կրագերյո քաղաքի երկսեռ երգչախումբն է, դիրիժորն է Ռոբերտ Քարդինգը: Նորվեգական այս փոքրիկ հարավային քաղաքը ընկած է Օսլոյից 200 կիլոմետր հարավ: Այն Հայոց ցեղասպանության ականատես, հումանիստ միսիոներուհի Բոդիլ Բիորնի հայրենի քաղաքն է և ունի 10 000 բնակչություն:

«Մենք Հայաստանում ենք բարեկամական այցով՝ երկու ժողովուրդների միջև կապերը մշակույթի և երաժշտության միջոցով ամրապնդելու համար», - նշում են երգչախմբի անդամները:

Համերգային երեկոյի նախաձեռնողներն են Կրագերյո Կանտորի երկսեռ երգչախումբը և «ՎիվաՏուրը»: Միջոցառման մուտքն ազատ է:

Հայաստանյան այցի շրջանակում երգչախումբը հոկտեմբերի 9-ին հանդես կգա նաև Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում:

Բարեկամության համերգները անցկացվում են Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան, Կրագերյո քաղաքապետարանի, Վիվա-Տուր ՍՊԸ, Երևակայարան միջմշակութային երկխոսություն ՀԿ-ի, Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի թեմի աջակցությամբ: