Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շնթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին նշված առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: «Դրա հետևանքով բացառվել է 357 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինության կառուցապատողին օրենքով սահմանված կարգով դրա մեկ տոկոսի, այն է՝ 3.570.870 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս»:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում:

Գլխավոր դատախազությունից բացի Հետք-ը հարցում էր ուղարկել նաև Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է ստացվել, որ տարիներ շարունակ կառուցված առանձնատան համար շինթույլտվությունը տրամադրվել է միայն 2018թ-ին:

Քաղաքապետարանի պատասխանում ասված է.

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Կ.ՈՒլնեցու փողոցի հ.32/11 և հ.32/12 հասցեներում բնակելի առանձնատան կառուցման համար՝ կառուցապատող Սուրիկ Խաչատրյանին համապատասխան շինարարության թույլտվություն է տրամադրվել դեռևս 2009թ-ին, որով նախատեսված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու ժամկետը ՀՀ օրենսդրությամբ գործող ընթացակարգերին համապատասխան հետագայում ենթարկվել է երկարաձգման՝ նոր տրված շինարարության թույլտվությունների միջոցով: Ինչ վերաբերում է 08.06.2018թ. տրված հ.01/18-Խ-1169-598 շինարարության թույլտվությանը, ապա հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված կարգի 114-րդ և 124-րդ կետերի պահանջները, դրա տրամադրման միջոցով երկարաձգվել է 11.11.2010թ. տրվածհ.01/18-Խ-1238-685 շինարարության թույլտվության ժամկետը, որով կառուցապատողին հնարավորություն է ընձեռնվելշինարարական աշխատանքների ավարտից հետո՝ սահմանված ընթացակարգով ապահովել նաև կառուցապատվող օբյեկտիհամար համապատասխան ավարտական ակտի (շահագործման թույլտվություն) ձևակերպման գործընթացը: Տեղեկացնում եմ նաև, որ հիշյալ հասցեների կառուցապատման աշխատանքները փաստացի ավարտված են»:

Երևանի քաղաքապետարանը նախկինում հարցումներին ի պատասխան հայտնել էր, որ 2012թ-ին նախորդող տարիներին տրամադրված շինթույլտվություններին մասին տեղեկություն չի կարող տրամադրել: