ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ֊ը աշնանային նստաշրջանում, նշել է, որ ՀՀ վարչապետի կողմից նախաձեռնված անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումը միտված է երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու հեղափոխության գաղափարների և արժեքների վերջնական հաստատմանը, և «առանց որի Հայաստանը չի կարող դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից»:

«Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսներին», - նշել է նա՝ հավելելով, որ ներկայիս խորհրդարանը չունի մեծամասնություն, որի վրա կարող են հենվել և կյանքի կոչել հեղափոխության նպատակն ու ծրագրերը։

Պատգամավորը նշել է, որ առանց խորհրդարանի մեծամասնության աջակցության անցած հինգ ամսում գործադիր իշխանությունը անզիջում և արդյունավետ պայքար է մղել երկրում արմատացած համակարգային կոռուպցիայի դեմ, որի հետևանքով չկա մի գործող նախարար կամ նորանշանակ որևէ գերատեսչության ղեկավար, որը կոռումպացված լինի։

«Օգտվելով այս հնարավորությունից, սիրելի պատվիրակներ, գործընկերներ ես ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ այլևս անհետաձգելի խնդիր է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը պետք է կազմակերպվի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ ամբողջ գործընթացների հիմքում ունենալով մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Կոչ եմ անում վեհաժողովին իր հետևողական աջակցությունը ցուցաբերել Հայաստանի նոր իշխանություններին կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարում, համակարգային բարեփոխումների իրականացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործում, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու ընթացող ժողովրդավարական պրոցեսներին, քանի որ Հայաստանում իրականացվող փոփոխությունները միտված են օրինակելի ժողովրդավարության հաստատմանը», - նշել է Մարուքյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների պնդումներին՝ ՀՀ-ում այսպես կոչված «մարդու իրավունքերի ոտնահարումներին» և «բռնատիրական կարգերի հաստատմանը», Մարուքյանը հորդորել է նրանց պայքարել սեփական երկրի ժողովրդավարության համար և չտարածել ստեր ԵԽԽՎ «պատվարժան կառույցի հարկի տակ»։