ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է․

«Նախկինում խորհրդարանն ամբողջ ծավալով աշխատել է բացառապես ՀՀ պետական և ազգային, և ոչ թե կառավարական կամ վարչապետական շահերը ներկայացնելու համար։ Այս ընթացքում խորհրդարանական պատվիրակությունները հեղինակել և պաշտպանել են Հայաստանի շահերին վերաբերող շատ ավելի շատ զեկույցներ, քան նույնիսկ ԱԳՆ-ն։

Կարող են լինել ներքաղաքական տարաձայնություններ, բայց գնահատականները պետք է այդ տարաձայնություններից դուրս լինեն և առավելագույնս համապատասխանեն իրականությանը»,- ասաց նա։

Հարցին՝ այն բանից հետո, երբ ՀՀԿ խմբակցության բազմաթիվ անդամներ երեկվանից կողմ են արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու օգտին, իր կարծիքով քանի՞ հոգի ի վերջո կմնան ՀՀԿ խմբակցությունում, Արմեն Աշոտյանը պատասխանեց.

«Եկեք տարանջատենք՝ ինչ է կատարվել։ Ես երբեք չեմ ասել, որ արտահերթ ընտրություններ չպետք է լինեն։ Դրանք պետք է լինեն, բայց խելամիտ ժամկետում, այնպիսի ժամկետում, որը թույլ կտա բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, ոչ թե տարբերակ «սղցնել»։ Այդ ժամանակացույցը շատ հստակ էր և պարզ, որ գնում ենք մոտավորապես մայիս։ Մենք կուսակցությունից և խմբակցությունից հեռանալու մասին դիմումներ չենք ստացել, դեռ չկան պատգամավորներ, որոնք հայտարարել են, որ հայտարարել են կուսակցությունից կամ խմբակցությունից դուրս գալու մասին։ Իհարկե, չեմ բացառում, որ այդպիսիք կլինեն։ Ես հոգիներ չեմ հաշվել, թե քանի մարդ կմնա խմբակցությունում, բայց ՀՀԿ-ն հաստատ մնալու է քաղաքական դաշտում, Արմեն Աշոտյանն, ի թիվս իր այլ գործընկերների, մնալու է ՀՀԿ-ում»,- ասաց պատգամավորը՝ կրկին շեշտելով, որ արտահերթ ընտրություններից առաջ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն բոլոր ուժերի համար։

Աշոտյանը շեշտեց՝ իրենք ավելի հետևողական են կառավարության ծրագրի հանդեպ, քան ինքը՝ վարչապետը։ Սա, նրա խոսքով, խիստ զարմանալի է։

«Զարմանալի իրավիճակ է, որ ես հիմա ստիպված եմ նորից հիշեցնել Նիկոլ Փաշինյանի մայիսյան ելույթն ԱԺ-ում, երբ նա ասաց, որ ընտրություններն արագ կազմակերպել չի կարելի, որովհետև հետհեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ դրանք կարող են ոչ ազատ լինել։ Երևանի ավագանու ընտրությունները միայն ապացուցեցին, որ էյֆորիա կա»,- նշեց Աշոտյանը։

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն որոշե՞լ է՝ մասնակցելու է արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ, կուսակցության փոխնախագահը պատասխանեց՝ այդ հարցը չեն քննարկել, սակայն գիտակցում են, որ կուսակցության որոշումները չպետք է ինքնանպատակ լինեն։

«Ըստ միջազգային սոցիոլոգիական հետազոտությունների՝ Հանրապետական կուսակցությունն այս պահի դրությամբ ունի վարկանիշ, որը նրան թույլ է տալիս հավակնել էլեկտորալ շանսեր դրսևորելու։ Վերջնական որոշումները կախված կլինեն կուսակցության հնարավորություններից և Հայաստանում առկա իրավիճակից։

Արմեն Աշոտյանը լրագրողներին միաժամանակ հայտնեց, որ իր տեղեկություններով՝ ՀՀԿ-ական որոշ պատգամավորների վրա ճնշումներ են բանեցվել, «գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը իր բոլոր հնարավորություններով, նաև փորձ է արվել գտնել որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ»։

Երբ լրագրողները փորձեցին Արմեն Աշոտյանից մանրամասնել իմանալ, վերջինս նշեց, որ իրավունք ունի չբացահայտել իր աղբյուրները։

«Ես ասացի այնքան, ինչքան ասացի: Իմ ունեցած տեղեկություններով, այդ ճնշումները եղել են, բայց ինչպես ասացի, չեմ բացառում, որ եղել են «ինքնակամ դարձի եկածներ»՝ ինչպես այս օրերին սիրում է ներկայացնել մամուլը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինդուլգենցիաներ պարտադրել, ֆեյսբուքյան ստատուսներում գրում է ով է ճիշտ, ով է սխալ, ում պետք է քաջալերել, ում չպետք է քաջալերել: Այդ գործընթացն, իհարկե, միջնադար է հիշեցնում, երբ կաթոլիկ եկեղեցու ղեկավարները փորձում էին մեղքերի թողության փաստաթղթեր թողարկել, այդ թվում՝ նաև ապագա մեղքերի: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այն անձն է, որը պետք է ներում շնորհի կամ ինդուլգենցիաների բաժանմամբ զբաղվի: Ես այդպիսի մեկ անձի եմ ճանաչում, նրա անունը Նիկոլ Փաշինյան չէ՝ Հիսուս Նազովրեցի է»,- ասաց Արմեն Աշոտյանը: