Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել արցախյան (ղարաբաղյան) խնդրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»:

«Հույս ունենք՝ այդ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար դրանից բացի այլ ճանապարհ չկա», - ասված է արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

Այս հայտարարությամբ, ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Ֆրանսկոֆոնիայի 17-րդ համաժողովի արդյունքներով ընդունված բանաձևին, որում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտությանը:

«Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին, իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության համապատասխան բանաձևերով և Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորությունները՝ դուրս բերի զորքը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - նաև հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը: