ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հարկային օրենսգրքի փոփոխությունները, հնարավոր է, ոչ թե հունվարի 1-ից ուժի մեջ մտնեն, այլ մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից:

«Քաղաքական գործընթացներն այնպիսի սրընթաց փոփոխությունների հանգեցրեցին, որ, այո՛, հնարավոր է՝ մենք հունվարի 1-ից փոփոխություն չունենանք, այլ ունենանք հուլիսի 1-ից», - ասել է նա։

Դավիթ Անանյանն ընդգծել է՝ եկամտային հարկի, ընդհանրապես, հարկային բեռի նվազեցման հետ կապված կառավարության դիրքորոշումը հստակ է։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կառավարությունը մտադիր է հունվարի 1-ից ուժի մեջ դնել Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսին հայտարարել էր, որ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, ինչը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազում: