Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների «21-20 = 1 դարի արվեստ» խորագրով ցուցահանդեսը։

20-21-րդ դարերի արվեստի ուղղություններով ոգեշնչված՝ այբեցիները ստեղծել են գունանկարային աշխատանքներ կուբիզմի, սուպրեմատիզմի, սիմվոլիզմի, սյուրռեալիզմի և փոփ արտի ոճերով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արցախի մշակույթի նախարարը, «Այբ» ակումբի անդամները, Շուշիի արվեստի կենտրոնի տնօրենը, ուսուցիչները, սաները և այլք։

Բացի դրանից, Շուշիում կայացել է նաև «Արվեստանոց» ակումբի «Մի կտոր Երևան» նախագծի արցախյան շնորհանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ցուցադրվել է «Մի կտոր երևանցի» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը և ներկայացվել են ֆիլմում օգտագործված ճեպանկարները։

Ցուցահանդեսը գրավել է նաև արտերկրի հյուրերի ուշադրությունը, ովքեր իրենց տպավորությունները գրի են առել հուշամատյանում։ «Տաղանդ, էներգիա, արվեստ և հիանալի արվեստագետներ։ Շնորհակալ եմ հիանալի ցուցադրություն կազմակերպելու համար։ Անչափ տպավորված և ոգեշնչված եմ ձեր աշխատանքով և ընկերասիրությամբ»,- քննախույզ հայացքով ուսումնասիրելով աշակերտների նկարները՝ հուշամատյանում գրել էր Լոնդոնից ժամանած ֆոտոլրագրողը։

Հոկտեմբերի 10-12-ը հյուրընկալվելով Արցախում՝ «Այբ» դպրոցի աշակերտները եղել են նաև Շուշիի մանկապատանեկան արվեստի կենտրոնում, որտեղ իրենց փորձն են ներկայացրել կենտրոնի աշակերտներին։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 1-ը։