Հոկտեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Նիդեռլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական վերաքննիչ տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր քաղաքականության հարցերով ավագ խորհրդատու Ջոս Փութսը:

Ակադեմիայի անունից հյուրերին ողջունեց Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Պրոռեկտորը ներկայացրեց մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստման ուսումնական ծրագրերը և Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Թաքվոր Ավեդիսյանը ներկայացրեց Նիդեռլանդների Թագավորության դատական համակարգի, իրավական ոլորտի մասնագետների վերապատրաստման առանձնահատկությունները, դատավորների և մամուլի միջև համագործակցությունը: Թաքվոր Ավեդիսյանն իր խոսքում ընդգծեց դատական համակարգի անկախությանը, հանրային վստահության կարևորությանը, հասարակության հանդեպ հաշվետվողականության դերի բարձրացմանն առնչվող հարցերը:

Տեղեկացնենք, որ Նիդեռլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստանում է երկօրյա պաշտոնական այցով՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի հրավերով: