Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» և «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները, որոնք վերաբերում են կալանքների օրինականությանն և հիմնավորվածությանը։

Մասիս Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործը ՄԻԵԴ է ներկայացվել 2008թ.-ի սեպտեմբերի 12-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիմքով։ ՄԻԵԴ հրապարակած վճռում նշվում է, որ գործը վերաբերում է 2008թ.-ի մայիսի 1-ից մինչև մայիսի 13-ը դիմումատուի անօրինական ձերբակալմանը։

Գործով ասվում է, որ նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաները 2008թ.-ի մարտի 1-ին ոստիկանության կողմից ցրելուց հետո դիմումատուն, ով եղել է Ազատության հրապարակում, ձերբակալվել է ու մեղադրվել ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու համար՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Մարտի 4-ին դատարանը նրան 2-ամսյա կալանքի տակ է վերցրել, իսկ 2008թ.-ի հունիսի 11-ին մեղավոր ճանաչել ու դատապարտել 1.5 տարվա ազատազրկման։

ՄԻԵԴ-ն այս գործով գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 1-ին 3-րդ կետերի խախտում։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ պատասխանող պետությունը 3 ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 4500 եվրո, գումարած հարկեր, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

«Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործը ևս վերաբերում է մարտի 1-ի դեպքերին։Նշվում է, որ Գրիգոր Ոսկերչյանը 2008թ.-ի մարտի 8-ին կանչվել է ոստիկանություն, մարտի 11-ին դիմումատուն մեղադրվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու պետական իշխանությունը յուրացնելու փորձի մեջ։ Նույն օրը նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա նախնական կալանք, որը բողոքարկվել է, սակայն այն չի փոխվել։ Կալանքը երկարաձգվել է 4 անգամ՝ յուրաքանչյուր անգամ 2 ամսով։ Բողոքարկման հայցերը վերաքննիչ դատարանի կողմից մերժվել են։

2009թ.-ի հունիսի 22-ին Գրիգոր Ոսկերչյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակվել։

ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում ու պատասխանող պետությանը՝ Հայաստանին, պարտավորեցրել վճարել 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը սեպտեմբերին հրապարակել էր «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի» վճիռները, որոնք ևս կապված էին մարտի 1-ի դեպքերի հետ։