Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինի և որևէ այլ երկրի առաջնորդի միջև եղած քիմիան չի ստիպի նրան անտեսել երկրի պետական շահերը, հայտնում է ռուսաստանյան Lenta.ru-ն:

«Ես չգիտեմ՝ որքան կարող է լինել քիմիան երկրների ղեկավարների միջև, այն դժվար չափելի է: Սակայն ոչ մի քիմիա չի ստիպի նախագահին ստորադասել ՌԴ ազգային շահը», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, վարչապետի կարգավիճակում Պուտինը մտերիմ հարաբերություններ է ունեցել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերի հետ, սակայն դա նրան չի խանգարել կոշտ դիրքորոշում ունենալ ինչպես միջազգային, այնպես էլ երկու երկրի հարաբերությունների հետ կապված հարցերի շուրջ:

Պեսկովը նաև խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հարաբերություններից: Ըստ մամուլի քարտուղարի, երկու երկրի առաջնորդը «դեռևս չեն կարողացել զգալ միմյանց»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական մտերիմ հարաբերություններին, ասել է, որ դրանց հիմքում քիմիան է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել։

«Դա կարող է լինել և անցած ուղին, ուղղակի անձնական համակրանքը...Չեմ կարծում, որ առանձին գործոն կա, դա գործոնների հանրագումար է, որոնք կուտակվում են և էմոցիոնալ սիներգիա ստեղծում մարդկանց միջև, ինչն էլ դառնում է այդ հարաբերությունները ցեմենտող բաղադրիչը», - ասել էր նա: