Մայրաքաղաքի մշակութային օջախները տոնական օրերին փոքրիկ հանդիսատեսին հրավիրում են դիտելու հետևյալ ներկայացումները։

Toms.am-ի տեղեկացմամբ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը դեկտեմբերի 30-ին կցուցադրի «Նվագախմբի երեխաները» տոնական ներկայացումը։ Տոմսերի արժեքը տատանվում է 2000-3000 դրամի սահմաններում։ Ներկայացումների սկիզբը՝ 15։00-ին և 18։00-ին։

«Ժպիտ» թատրոնում (հասցե՝ Նոր նորքի թաղապետարանի մշակույթի կենտրոն) փոքրիկները կկարողանան դիտել «Ամանորի արկածները անտառում» ներկայացումը։ Երեխաները ներկայացմանը հաճախել կարող են դեկտեմբերի 30-ին, ինչպես նաև հունվարի 3-ից 13-ը։ Տոմսերի արժեքը 100-1500 դրամի սահմաններում է։

Հայաստանի երգի պետական թատրոնն էլ փոքրիկներին հրավիրում է ներկա գտնվել «Հրաշք գույներ» խորագրով ամանորյա մյուզիքլին, որը տեղի կունենա դեկտեմբերի 30-ից հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում։ Ներկայացումների սկիզբը՝ ժամը 12։00-ին, 14։00-ին, 16։00-ին։

Մ. Մկրտչյան արտիստական թատրոնում էլ կբեմադրվի «Երկարագուլպա Պեպպին տոնում է ամանորը» ամանորյա ներկայացումը։ Տոմսերի արժեքը՝ 800 դրամ։

Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնը փոքրիկ հանդիսատեսին կներկայացնի «Ջրահարսը» ներկայացումը։ Այս ներկայացման տոմսերը ևս 800 դրամ արժեն։ Ներկայացումները դիտելու հնարավորություն փոքրիկներին կընձեռվի հունմվարի 3-ից մինչև հունվարի 8-ը։

Իսկ ահա Խամաճիկների պետական թատրոնում երեխաները կկարողանան դիտել «Սուշոյի ձմեռային արկածները» ներկայացումը։ Ներկայացումների սկիզբը՝ սկիզբը հունվարի 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 13-ին, 14 –ին՝ ժամը 12։30, 14։00, 15։30։ Հունվարի 9-ին, 10-ին, 11-ին, 12 –ին՝ ժամը 17։00-ին։

Արամ Խաչատրյան համերգասրահում էլ տեղի կունենա «Շունն ու կատուն» երաժշտական-թատերական ներկայացումը։ Մասնակցում են տարբեր հեքիաթների հերոսներ, «Ռենեսանս» պարային համույթը, թատրոնի դերասաններ։ Ներկայացումները տեղի կունենա հունվարի 6-ին, 7-ին, 9-ին, 10-ին։ Ներկայացումների սկիզբը՝ 11։00-ին, 13։00-ին, 15։00-ին, 17։00-ին։ Տոմսերի արժեքն է 1000 դրամ։