Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը զենք չի տրամադրի Սաուդյան Արաբիային՝ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի դաժան սպանության պատճառով։ Այս մասին հայտնում է france24-ը։

«Ես համաձայն եմ բոլոր նրանց հետ, ովքեր ասում են, որ առանց այդ էլ մեր կողմից սահմանափակ զենքի արտահանում չի կարող լինել Սաուդյան Արաբիա ներկայիս պայմաններում»,- ասել է Մերկելը լրագրողներին։

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասը ևս շաբաթ օրը հայտարարել էր, որ նա «հիմք չի տեսնում՝ Սաուդյան Արաբիա զենքի արտահանելու համար»։

Նշվում է, որ Գերմանիան նախորդ ամիս հաստատել էր 416մլն եվրոյի զենքի արտահանում Սաուդյան Արաբիա՝ 2018թ.-ի համար։

Մերկելը վերահաստատել է, որ խստագույնս դատապարտում է Խաշոգիի սպանությունը։ Կանցլերը ավելացրել է, որ քննարկումներ կանցկացնի միջազգային իր գործընկերների հետ՝ համաձայնեցված արձագանքի համար։

Նշենք, որ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ չի պատրաստվում իր հարաբերությունները վատացնել Սաուդյան Արաբիայի հետ Խաշոգիի պատճառով։

Հիշեցնենք, որ Խաշոգին սպանվել է Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, ուր ժամանել էր փաստաթղթեր ստանալու համար, որպեսզի ամուսնանա իր հարսնացուի հետ։