Անթիլիասում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը:

«Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել, ազատ, անկախ Հայաստան երազեցինք և ունեցանք: Հետևաբար, այս աթոռի հիմնական մասը ներկայացնում է Հայաստանի հզորությունը, և ես ուրախ եմ անձնապես, որ ինչպես եկեղեցու մեջ ասեցի, մեր հայրենիքի ժամանակակից պատմության մեջ մի նոր էջ բացվեց` հույսի և սիրո, միասնության և տեսլականի, Հայաստանի ապագային առնչվող նոր էջ: Եվ ես առաջին իսկ օրվանից կոչ ուղղեցի մեր ժողովրդին` ոչ միայն հեռվից հպարտանալու, ուրախանալու, այլև մասնակից դառնալու Հայաստանի վերակերտման, հզորացման աշխատանքներին: Հետևաբար, այս առիթոց մեկ անգամ ևս Ձեզ հայտնում եմ, որ այս աթոռն իր թևերով, և ես անձնապես ամբողջական իմաստով նեցուկ եմ Ձեզ, որովհետև Ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է»,- իր խոսքում մասնավորապես նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

«Անկեղծ ասած, շատ տպավորիչ այցելություն ստացվեց: Ես ուզում եմ նախևառաջ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Ձեր հոգևոր գործունեության 50-ամյակի կապակցությամբ: Ես իմ գնահատանքի խոսքերն արտահայտեցի առավոտյան տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Ցանկանում եմ վերահաստատել իմ մեծ հարգանքով պատկառանքը և գնահատանքը Ձեզ և Ձեր գործունեությանը և շնորհակալություն հայտնել հրավերի համար, որովհետև այս հրավերը հնարավորություն տվեց, որ լիբանանահայության բոլոր շերտերի հետ շփվելու, ծանոթանալու առիթ ունենամ: Իհարկե, մեծապես հաճելի էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն ունի մեր հայրենակիցների լիակատար աջակցությունը: Հավատացեք, դա մեզ մեծ ուժ է տալիս, և առավել ևս Ձեր խոսքը, Ձեր դիրքորոշումը, որ Դուք արտահայտել եք հենց թավշյա հեղափոխության, փոփոխությունների օրերին, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել»,- ի պատասխան նշել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, Հայաստանում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց հետևողականության սկզբունքի, հավատքի ուժը, որովհետև ժողովուրդն, ի վերջո, հավատաց ինքն իրեն, և այդ հավատն էր, որ առաջ մղեց մեզ և բերեց հաղթանակի:

«Էականն այն չէ, որ այս անձի փոխարեն մյուս անձը դարձավ վարչապետ կամ նախարար կամ որևէ այլ պաշտոնյա: Էական փոփոխությունն այն է, որ ժողորդի ձայնը դարձավ վճռական իշխանության ձևավորման գործում, ինչպես և նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ, և որևէ կասկած չկա, որ այդպես էլ պետք է շարունակվի»,- ասել է Փաշինյանը։