«Երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ՝ դեկտեմբերին պետք է կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա այստեղ մենք պետք է լինենք կամ խոհեմ, կամ ոչ: Այլ ընտրություն չկա: Կամ մենք գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, որը էականորեն բարելավում է ընտրական ընթացակարգերը, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով ու ընտրությունները կայանում են հին Ընտրական օրենսգրքով», - խորհրդարանի արտահերթ նիստի իր ելույթում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա գործընկերներին հորդորեց գնալ խոհեմության ու քաղաքական կոնսենսուսի ճանապարհով:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ նույն բարեկամական ոճի մեջ գործընկերներին ասաց.

«Ընտրական օրենսգրքի նախագծում, այո, դրական փոփոխություններ նկատել եմ, բայց դրանք պետք է մշակվեն։ Այն, ինչ բերվել է Ազգային ժողով, մի քանի կետով տարբեր է այն նախագծից, որը ներկայացրել էին խորհրդարանական չորս խմբակցությունները՝ որպես կոնսենսուսային տարբերակ»։

Նրա պնդմամբ՝ անհնար է մեկ շաբաթվա ընթացքում նոր օրենսդրական համակարգով նախապատրաստվել այդ ընտրություններին:

«Ոչ մեկ չի ասում թող ընտրություններ չլինեն: Ընտրություններ, այո, պետք է լինեն: Բայց թող լինեն հունվարին: Հակաժողովրդավարական, հապճեպության մթնոլորոտում կդառնան պետության համար այն թույլ կետը, որ ցանկացած այլ պետություն անընդհատ խոթելու է մեր աչքը: Հորդորում եմ՝ մեր պետության, նոր իշխանության ամրացման համար մի գնացեք հապճեպության, օրվա հրամայականներով, այլ գնացեք պլանավորված: Անցկացրեք ընտրություններ հունվարի վերջին և դուք կունենաք լեգիտիմ գործընթաց։ Եթե իմ կուսակցության առաջարկը չընդունվեց, ապա այս օրինագծի շուրջ քվեարկություններին չեմ մասնակցելու»,- հայտարարեց Բաբուխանյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով էլ, ժամանակ կա և մինչև ընտրություններ ունեցած օրերը լիարժեք են պատրաստվելու համար։