Ընտրական օրենսգրքում փոփոխությունների երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումն ԱԺ-ում չի ընդունվել: Որոշման նախագիծը դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց՝ կողմ քվեարկեց ընդամենը 44 պատգամավոր: ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է եղել: Կառավարությունը սկզբում առաջարկում էր նախագիծը քննարկել և ընդունել 24 ժամվա ընթացքում, սակայն, լսելով պատգամավորների դժգոհությունը, առաջարկեց այն ընդունել 72 ժամվա ընթացքում: Այսինքն՝ և առաջին, և երկրորդ ընթերցումների համար տրվում է 72 ժամ։

Քվեարկությունից հետո լարվածություն սկսվեց նիստերի դահլիճում։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ օրինագիծը քննարկել, քվեարկել և հետո միայն հասկանալ՝ ինչ է պահանջում օրենքը ստեղծված իրավիճակում: Խորհրդարանում գրանցված պատգամավորների թիվը 57 է, մինչդեռ սահմանադրական համարվող ԸՕ ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ը, այսինքն՝ 63 պատգամավորի ձայն: Այնուհետև ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է օրենքի նախագիծը:

«Նախագծում մասնավորապես առաջարկվում է՝ ընտրություններն անցկացվելու են համամասնական ցուցակներով, գոյություն ունեցող ռեյտինգային ցուցակների վերացում։ Խորհրդարան ընտրվելու նվազագույն շեմն առաջարկվում է իջեցնել՝ կուսակցությունների համար ներկայիս 5 տոկոսը դարձնելով 4, իսկ դաշինքների համար 7 տոկոսը՝ 6 տոկոս: Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավը՝ ներկայիս նվազագույն աշխատավարձի 10,000-պատիկի փոխարեն դարձնելով 4500-ապատիկ: Առաջարկվում է նվազագույնը երեք կուսակցությունների և դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողովում ներկայացված լինել առնվազն 4 կուսակցություն կամ դաշինք և մանդատների բաշխումը իրականացնել նրանց միջև, այսինքն՝ 2 տոկոս հավաքած 4-րդ ուժը կարող է անցնել խորհրդարան», - մանրամասնել է նախարարի պաշտոնակատարը: Ըստ նախագծի, առաջարկվում է նաև կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս: