LG Display (LGD) հարավկորեական ընկերությունը օրգանիկ լուսադիոդներով լայնաֆորմատ դիսփլեյների (OLED) արտադրության գործարան է կառուցելու Չինաստանի Գուանչժոու քաղաքում (Գուանդունի նահանգի վարչական կենտրոն):

Ներդրումների ծավալը կկազմի մոտավորապես 30,5 մլրդ յուան (շուրջ 4,66 մլրդ դոլար)։

«Կապիտալի 70 տոկոսը կպատկանի LGD-ին, ևս 30 տոկոսը՝ չինական կողմին»,-նշում են ներկայացուցիչները: LGD-ն պլանավորում է գործարանը շահագործման հանձնել 2019 թվականի երկրորդ կեսին: Արտադրության ծավալը կկազմի ամսական 60 հազար դիսփլեյ. դրանք նախատեսված կլինեն լայնաֆորմատ հեռուստացույցների և էլեկտրոնային գովազդային էկրանների արտադրության համար:

Նախագիծն արդեն արժանացել է Կորեայի Հանրապետության կառավարության հավանությանը: Այս նախագիծը կդառնա LGD-ի OLED-դիսփլեյների առաջին արտասահմանյան հավաքման գիծը և նրա երկրորդ ձեռնարկությունը Գուանչժոուում: 2014 թվականին ընկերությունն այնտեղ շահագործման Է հանձնել 8,5 սերնդի հեղուկաբյուրեղային պանելների արտադրության գործարանը:

AVC չինական ընկերության գնահատմամբ, 2017 թվականի արդյունքներով՝ աշխարհում OLED-դիսփլեյների վաճառքները տարեկան արտահայտությամբ կաճեն 78 տոկոսով և կհասնեն 1,5 մլն միավորի: